ԱՄՓՈՓԱԳԻՐ
Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում 2020 թվականի պատերազմից ի վեր ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Մոսկվան նկատելիորեն կորցրել է իր ազդեցությունը, այդ թվում՝ անվտանգության երաշխավորի և միջնորդի իր դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Բացի այդ, վերջին տարիներին Ռուսաստանը ստիպված է եղել նվազեցնել իր անվտանգային ներկայությունը Հայաստանում, թուլացել է նրա գերիշխող դիրքը որպես զենքի մատակարար, ինչպես նաև զգալիորեն նվազել է Ռուսաստանի նկատմամբ հանրային վստահությունը։ Միևնույն ժամանակ, Հայաստանին հաջողվել է դիվերսիֆիկացնել զենքերի մատակարարումները, ամրապնդել իր պաշտպանական արդյունաբերությունը և ընդլայնել իր անվտանգային գործընկերությունները, ինչի արդյունքում ձեռք է բերել քաղաքական մանևրի ավելի մեծ հնարավորություն։ Սա նաև նպաստել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերի ձևավորմանը և ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցմանը։
Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է խոցելի լինել ռուսական տնտեսական և էներգետիկ ճնշման նկատմամբ, ինչը մեծացնում է ռուսական ազդեցության ավելի հարկադրողական ձևերի կարևորությունը։ Ռուսաստանը նաև պահպանում է զգալի ազդեցություն կենսական ենթակառուցվածքների, հասարակական և քաղաքական որոշ զանգվածների և հայկական սփյուռքի միջոցով։
Ուստի Հայաստանը պետք է օգտվի ընթացիկ հնարավորություններից՝ տնտեսական և էներգետիկ դիվերսիֆիկացումը արագացնելու համար։ Զենքերի մատակարարումների հաջող դիվերսիֆիկացումը ցույց է տալիս, որ կախվածությունների նվազեցումը կարող է ընդլայնել քաղաքական մանևրի հնարավորությունները։ Քանի դեռ Հայաստանը չի նվազեցրել իր տնտեսական և էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, այն պետք է ավելի զգուշավոր լինի քաղաքական դիվերսիֆիկացման հարցում։ Քաղաքական դիվերսիֆիկացիայի տեմպերը պետք է համապատասխանեն Ռուսաստանի հնարավոր ճնշմանը դիմակայելու Հայաստանի կարողություններին։
Ներածություն. Հայաստանում ռուսական ազդեցության պատմական հիմքեր
2020 թվականի պատերազմը, 2022 և 2023 թվականների ռազմական գործողությունները ստիպեցին Հայաստանին հեռանալ իր ավանդական գործընկեր Ռուսաստանից և փնտրել անվտանգային և քաղաքական այլընտրանքային գործընկերություններ։
Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում պատմականորեն անցել է զարգացման տարբեր փուլերով, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական շրջափուլերի։ Առաջին՝ 1826–1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը, որը հանգեցրեց Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, ինչը հաստատեց ցարական Ռուսաստանի հեգեմոնիան Արևելյան Հայաստանի նկատմամբ։ Այս ժամանակահատվածում տարածաշրջանում ռուսական մշակութային ազդեցության աճին զուգընթաց, Հայաստանում տեղի ունեցավ հայրենադարձություն և մշակութային զարթոնք։ Ռուսական հեգեմոնիայի երկրորդ շրջանը բնութագրվում էր Արևելյան Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատմամբ։ ՀՀ Երրորդ հանրապետության անկախության շրջանը ներկայացնում է ռուսական ազդեցության երրորդ փուլը։ Այս շրջանում Ռուսաստանին հաջողվեց ամրապնդել իր ազդեցությունը՝ որպես Հայաստանի հիմնական անվտանգային, քաղաքական և տնտեսական գործընկեր, այս կարգավիճակին նպաստում էր նաև մինչև 2020 թվականը հասարակական վստահության բարձր մակարդակը և փափուկ ուժի տարբեր գործիքների կիրառումը։
Ինստիտուցիոնալ առումով՝ Ռուսաստանի ներկայությունը ժամանակակից Հայաստանում պայմանավորված է ինչպես 1990-ականներին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագրերով, այնպես էլ Հայաստանի անդամակցությամբ ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին։ Ռուսաստանի պատմական ազդեցության այլ հիմնաքարերն էին նրա ռազմական ներկայությունը, Հայաստանի կարևոր ենթակառուցվածքների մի մասի նկատմամբ վերահսկողությունը և մի շարք ոլորտներում երկրի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից։
Չնայած Ռուսաստանը նախկինում ունեցել է ազդեցության տարբեր գործիքներ և լծակներ, նրա ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես Հայաստանում, փոխվում է։ Սակայն սա չի նշանակում, որ ռուսական ազդեցությունն անհետանում է։ Մինչ ազդեցության որոշ լծակներ թուլանում են, մյուսները դառնում են ավելի ու ավելի կարևոր։ Այս քաղաքական ամփոփագիրը քննարկում է, թե ռուսական ազդեցության որ լծակներն են թուլացել, որոնք են պահպանվում և ինչ հետևանքներ կարող են ունենալ այս փոփոխությունները։
Ռուսաստանի ավանդական ազդեցության լծակների թուլացում
Ռուսաստանի ավանդական ազդեցության գործիքների նվազումը տարածաշրջանում, հատկապես Հայաստանում, երկարաժամկետ, աստիճանական և բազմաշերտ գործընթաց է։ Վերլուծական հստակության համար նվազման այս գործընթացը կարելի է բաժանել հինգ հիմնական ոլորտների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, անվտանգային ներկայություն, զենքերի մատակարարում և պաշտպանական արդյունաբերություն, արտաքին քաղաքականության ազդեցություն, ինչպես նաև ներքին քաղաքականություն և հանրային վստահություն։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց
Տասնամյակներ շարունակ Ռուսաստանի ազդեցության կարևորագույն գործոններից մեկը այն ընկալումն էր, որ միայն Ռուսաստանն է ի վիճակի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչն ամրապնդվում էր նրա՝ որպես տարածաշրջանային հեգեմոնի կարգավիճակով։ Տարիների ընթացքում Ռուսաստանին հաջողվել է օգտագործել չկարգավորված հակամարտությունը՝ պահպանելու իր տարածաշրջանային ներկայությունը և ազդելու հայ-ադրբեջանական ուժերի հավասարակշռության վրա։ Երկար տարիներ մոսկովյան հարթակները առանցքային դեր են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և խաղաղ գործընթացի առաջմղման ջանքերում։
2020 թվականի պատերազմը և դրանից հետո ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից էապես թուլացրին Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում՝ սահմանափակելով նրա ազդեցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ։ Այս միտումը առավել ընդգծվեց օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախնական ստորագրումից հետո, ինչն էլ ավելի թուլացրեց Ռուսաստանի դերը որպես տարածաշրջանային անվտանգության երաշխավորի։ Խաղաղության գործընթացում ԱՄՆ-ի աճող դերը ցույց տվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցություններ վարել նաև ավանդական ռուսական ձևաչափերից դուրս։ TRIPP-ի շուրջ ձեռք բերված համաձայնությունը ընդլայնեց նաև ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման գործում։ Այս փոփոխությունները ցույց տվեցին, որ Հայաստանի համար ռուսական անվտանգային մեխանիզմները կամ անգործունակ են, կամ Ռուսաստանը, առնվազն, չի ցանկանում կատարել իր պարտավորությունները։ Խաղաղության գործընթացին և Վաշինգտոնի գագաթնաժողովին, ի թիվս այլ գործոնների, նպաստեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը։ Նախկինում Ռուսաստանին հաջողվում էր ավելի սերտ հարաբերություններ պահպանել կողմերից մեկի հետ, երբ մյուսի հետ հարաբերությունները վատթարանում էին։ Սակայն 2020 և 2023 թվականներից հետո Ռուսաստանի վարած քաղաքականությունը որոշակիորեն նպաստեց Հայաստանի և Ադրբեջանի մերձեցմանը։
Ռուսաստանի անվտանգային ներկայության նվազեցում
Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ներառում էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան, Զվարթնոց միջազգային օդանավակայանում գործող ԱԴԾ սահմանապահ ուժերը և հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանների երկայնքով գործող անցակետերը, ինչպես նաև ներկայություն հայ-ադրբեջանական, հայ-թուրքական և հայ-իրանական «կանաչ սահմանների» երկայնքով։ Հայաստանի՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուսական ներկայությունը հիմնված էր Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև 1992 թվականին կնքված երկկողմ համաձայնագրի վրա, իսկ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահները տեղակայվեցին 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
Համաձայն Հայաստանի կառավարության պաշտոնական խնդրանքի, ռուսական ԱԴԾ ուժերը 2024 թվականին ամբողջությամբ դուրս բերվեցին Զվարթնոց միջազգային օդանավակայանից։ Նույն թվականին, երկկողմանի բանակցությունների արդյունքում, ռուսական զորքերը նաև լքեցին հայ-ադրբեջանական սահմանը։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ռուսական ԱԴԾ ուժերը դուրս բերվեցին նաև հայ-իրանական և հայ-թուրքական սահմանների անցակետերից, սակայն շարունակում են տեղակայված մնալ «կանաչ սահմանների» որոշ հատվածներում։ Ներկայում Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև մի շարք սահմանային հատվածներ համատեղ վերահսկվում են հայ-ռուսական ուժերի կողմից։ Հայաստանը ռուսական ԱԴԾ ուժերի աստիճանական դուրսբերումը կապում է իր սեփական սահմանապահ ուժերի աճող կարողությունների հետ։
Չնայած Ռուսաստանի սահմանապահ ուժերի ներկայության զգալի կրճատմանը՝ Հայաստանում պահպանվում է ռուսական ռազմական ներկայության կարևոր բաղադրիչը՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։ Ավելի լայն առումով՝ հայ-ռուսական անվտանգային համակարգի որոշ բաղադրիչներ, այդ թվում՝ 102-րդ ռուսական ռազմաբազան, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը, շարունակում են գործել երկկողմ համաձայնագրերի հիման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցմանը։
Սպառազինության մատակարարումների դիվերսիֆիկացում և պաշտպանական արդյունաբերության ամրապնդում
Ինչ վերաբերում է զենքերի մատակարարումներին և պաշտպանական արդյունաբերությանը, Հայաստանին հաջողվել է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից։ Մասնավորապես, 2020 թվականին Հայաստանի զենքերի մատակարարումների մոտ 96%-ը գալիս էր Ռուսաստանից, իսկ 2025 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 10%-ից պակաս, ինչը մեծապես պայմանավորված է ընթացիկ պայմանագրերով։ Փոխարենը, Հայաստանն ընդլայնել է իր արտասահմանյան մատակարարների շրջանակը՝ խորացնելով պաշտպանական համագործակցությունը հիմնականում Հնդկաստանի, Ֆրանսիայի և մի շարք այլ ԵՄ երկրների հետ։ Երկրորդ՝ վերջին տարիներին Հայաստանը զգալիորեն ուժեղացրել է իր տեղական պաշտպանական արդյունաբերությունը՝ այն գրեթե գոյություն չունեցող ոլորտից դարձնելով իր պաշտպանական համակարգի օրեցօր ավելի կարևոր բաղադրիչ։ Վերջին երեք տարիների ընթացքում հայկական պաշտպանական ընկերությունները ստացել են պետական պատվերներ՝ մոտ 170–172 միլիարդ դրամի (մոտ 460 միլիոն դոլար) չափով։ 2026 թվականի մայիսին, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը նաև հայտարարեց տեղական զենքերի արտահանման մասին։
Դիվերսիֆիկացման գործընթացը պայմանավորված էր երեք հիմնական գործոնով։ Առաջին՝ Ռուսաստանը չկարողացավ ժամանակին մատակարարել մոտ 400 միլիոն դոլարի նախապես վճարված ռազմական տեխնիկան և զենքը։ Երկրորդ՝ ռուսական զենքերի մատակարարումներից կախվածությունը նվազեցնելով՝ Հայաստանը ձգտում էր նվազեցնել նաև Ռուսաստանից իր ընդհանուր քաղաքական կախվածությունը։ Երրորդ՝ դիվերսիֆիկացումը ստեղծեց հավելյալ հնարավորություններ ռազմական տեխնիկայի գնի և որակի առումով։
Արտաքին քաղաքականության ազդեցություն
Հայաստանի պատմականորեն ուժեղ ռուսամետ կողմնորոշումը թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ սկսեց փոխվել 2020 թվականի պատերազմից և , 2022 և 2023 թվականների ռազմական գործողություններից հետո։ Այս հակամարտությունների և Հայաստան-Ռուսաստան վստահության նվազման արդյունքում Հայաստանն աստիճանաբար փոխեց իր արտաքին քաղաքականությունը՝ կայացնելով որոշումներ, որոնք ռուսական տեսանկյունից կարող էին ընկալվել որպես «կարմիր գծեր»։ 2023 թվականից հետո Հայաստանն աստիճանաբար սառեցրեց իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում և նվազեցրեց իր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ին առնչվող մարմինների, ձևաչափերի և մեխանիզմների շրջանակում։ 2024 թվականին Հայաստանը միացավ Միջազգային քրեական դատարանին․ քայլ, որը Կրեմլը հստակ ընկալեց որպես հակառուսական։ Նույն թվականին առաջին անգամ, հայ բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակայնորեն հայտարարեցին Եվրոպական Միությանն անդամ դառնալու ձգտման մասին, ինչին հաջորդեց 2025 թվականին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալիորեն խորացրել է իր երկկողմանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ ընդլայնելով իր արտաքին քաղաքական գործընկերությունը Ռուսաստանից դուրս։
Ռուսաստանի արձագանքը ձևավորող կարևոր գործոններից մեկը ռուս-ուկրաինական պատերազմն էր, որը հնարավորությունների պատուհան բացեց Հայաստանի համար։ Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը հանդուրժում է Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը։ Ուկրաինայում պատերազմը կլանել է Ռուսաստանի զգալի ուշադրությունն ու ռեսուրսները, ինչը նվազեցրել է Մոսկվայի կարողությունը արձագանքելու Հայաստանում և հետխորհրդային այլ պետություններում տեղի ունեցող զարգացումներին։
Ներքին քաղաքականություն և հանրային վստահություն
Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, Ռուսաստանը զգալիորեն կորցրել է իր քաղաքական ազդեցությունը, սակայն պահպանել է որոշ մնացորդային ազդեցություն։ Հայ Առաքելական եկեղեցին, որն ավանդաբար զբաղեցրել է յուրահատուկ դիրք հայկական պետականության մեջ և ունեցել է զգալի ազդեցություն հայ հասարակության վրա, կորցրել է իր ազդեցության մի մասը կառավարության հետ ունեցած հակամարտության արդյունքում։ Եկեղեցու որոշ շրջանակներ և առանձին բարձրաստիճան ներկայացուցիչներ պատմականորեն սերտ կապեր են ունեցել ռուսամետ կողմնորոշում ունեցող նախկին իշխող քաղաքական վերնախավի հետ։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում և դրանց ավարտից հետո ներկայիս կառավարությունը նաև սկսեց արշավ ռուսամետ օլիգարխների դեմ։ Այս միջոցառումների արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացվեց, Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք բիզնեսներ բռնագրավվեցին, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ձերբակալվեցին։ Չնայած Ռուսաստանը ակնհայտորեն կորցրել է իր նշանակալի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, ռուսամետ քաղաքական ուժերը պահպանել են իրենց ներկայությունը Ազգային ժողովում։ Բացի այդ, թեև իշխող կուսակցությունը ստացավ բացարձակ մեծամասնություն, այն չկարողացավ ապահովել սահմանադրական մեծամասնություն։
Ներքին քաղաքական զարգացումների հետ սերտորեն կապված է հայ բնակչության Ռուսաստանի նկատմամբ ունեցած ընկալումը, որը վերջին տարիներին կտրուկ վատթարացել է։ 2019 թվականին հայաստանցիների 93%-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գնահատում էր որպես լավ։ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 43%, իսկ 2023 թվականին հասել էր իր ամենացածր մակարդակին՝ 31%-ի։ 2025 թվականի հարցման համաձայն՝ հայերի 45%-ը Ռուսաստանին համարել է երկրի ամենակարևոր քաղաքական գործընկերը, իսկ 27%-ը՝ ամենամեծ քաղաքական սպառնալիքը։ Այս թվերը ցույց են տալիս ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ վատթարացումը, այլև հայ հասարակության ներսում Մոսկվայի հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ առկա խորացող բևեռացումը։
Ռուսաստանի պահպանված լծակները
Այնուամենայնիվ, սխալ կլիներ ենթադրել, որ Ռուսաստանն այլևս չունի արդյունավետ միջոցներ՝ ազդելու Հայաստանի վրա։ Իրականում վերջին տարիներին նրա ունեցած որոշ լծակների հարաբերական նշանակությունը մեծացել է։
Տնտեսական կախվածություն
Ռուսական սահմանափակումները Հայաստանի նկատմամբ, որոնք կիրառվել կամ նախազգուշացվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հիմնականում տնտեսական բնույթի էին։ Հիմքում ընկած տրամաբանությունը հասկանալի է. քանի որ Ռուսաստանի հանրային հեղինակությունը նվազել է, ինչպես նաև թուլացել է նրա կարողությունը ազդելու ներքին քաղաքական և ինստիտուցիոնալ ուղիներով, տնտեսական և էներգետիկ ոլորտում ճնշման գործիքներն ավելի կարևորություն են ձեռք բերել։ Միևնույն ժամանակ, վերջին տարիներին Հայաստանին չի հաջողվել զգալիորեն դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, ընդհակառակը՝ մեծացրել է Ռուսաստանից տնտեսական կախվածությունը։ Այս միտմանը նպաստել են մի շարք գործոններ։ Վերջին տարիներին զգալիորեն աճել է նաև ընդհանուր առևտրի ծավալը, ինչն արտացոլվել է Ռուսաստանի հետ առևտրի ծավալների աճով։ Մեկ այլ կարևոր գործոն է ռուս-ուկրաինական պատերազմը և դրան հաջորդած Ռուսաստանից և դեպի Ռուսաստան վերաարտահանման աճը։
Չնայած այս սահմանափակումները ստիպել են Հայաստանին արագացնել իր դիվերսիֆիկացման ջանքերը, իսկ ԵՄ-ին՝ տրամադրել լրացուցիչ աջակցություն, մի շարք խոչընդոտներ դեռևս առկա են։ Լոգիստիկ սահմանափակումները ինչպես նաև ստանդարտների և սերտիֆիկացման հետ կապված խնդիրները մնում են չլուծված կամ չափազանց խնդրահարույց։ Երկրորդ՝ ԵՄ շուկա մուտք գործող բազմաթիվ հայկական ձեռնարկություններ դժվարանում են ապահովել կայուն երկարաժամկետ ներկայություն։ Սա կարելի է դիտարկել որպես ցուցիչ այն մարտահրավերների, որոնց առջև կանգնած են հայկական արտադրանքները՝ Եվրոպական շուկաներում մրցունակ մնալու համար, այդ թվում՝ գների քաղաքականության, մարքեթինգի և ստանդարտներին համապատասխանության առումով։ Երրորդ՝ թե՛ Հայաստանին, թե՛ ԵՄ-ին անհրաժեշտ են երկարաժամկետ միջոցառումներ կայուն դիվերսիֆիկացման գործընթաց ապահովելու համար։ 2026 թվականի ընտրական շրջանում ներդրված միջոցառումների մեծ մասը պետք է դիտարկել որպես արագ արձագանքման մեխանիզմներ, որոնցից որոշները մեծապես խորհրդանշական են, այլ ոչ թե երկարաժամկետ։
Շատ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ տնտեսական դիվերսիֆիկացման առումով Հայաստանը համեմատում են Մոլդովայի հետ։ Սակայն Հայաստանը չի կարող պարզապես կրկնել Մոլդովայի փորձը, քանի որ կառուցվածքային պայմանները արմատապես տարբեր են։ ԵՄ-ի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտուց (DCFTA) բացի Մոլդովան օգտվում է ԵՄ-ի հետ ընդհանուր սահմանից, հատկապես Ռումինիայի հետ սերտ տնտեսական և մշակութային կապերից, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող լայնածավալ ծրագրերից, որոնք նպաստում են եվրոպական ստանդարտներին համապատասխանելու գործընթացին։
Էներգետիկ կախվածություն
Ռուսաստանի ձեռքում մեկ այլ նշանակալի գործիք է նրա գերիշխող դիրքը Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Ռուսաստանը ոչ միայն փաստացի մոնոպոլիա է պահպանում Հայաստանի գազամատակարարման վրա, այլև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը Ռուսաստանի Գազպրոմին ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն է, վերահսկում և շահագործում է Հայաստանի գազի փոխանցման և բաշխման ենթակառուցվածքը, ինչն, իր հերթին, սահմանափակում է Հայաստանի մանևրելու հնարավորությունները։ Մասնավորապես, Ռուսաստանը կարող է լուրջ վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը և խարխլել դրա տնտեսական դիմադրողականությունը՝ գազի գները կտրուկ բարձրացնելով կամ գազի մատակարարումները կրճատելով։ Երկու սցենարներն էլ զգալի ազդեցություն կունենան հայկական բիզնեսների վրա։ Օրինակ՝ Հայաստանի ծաղկագործական արդյունաբերությունը մրցունակ է, մասնավորապես այն պատճառով, որ ջերմոցները տաքացնելու համար օգտագործվում է համեմատաբար էժան գազ։
Գազից բացի, միջուկային էներգիան ներկայացնում է մեկ այլ ոլորտ, որտեղ Ռուսաստանը, առնվազն այս պահին, պահպանում է զգալի ազդեցություն Հայաստանի նկատմամբ։ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի միակ միջուկային էլեկտրակայանն է և արտադրում է երկրի ներքին էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Չնայած կայանը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, Ռուսաստանը շարունակում է պատասխանատվություն կրել դրա սպասարկման, վառելիքի մատակարարման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրերի համար։ Սա Ռուսաստանի համար հանդիսանում է ռազմավարական լծակ ինչին հակազդելու համար վերջին տարիներին Հայաստանն ընդլայնել է իր արևային հզորությունները և փնտրում է նոր գործընկերներ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար, հնարավոր է՝ փոքր մոդուլային ռեակտոր (SMR): Ներկա փուլում Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք հնարավոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ, իսկ Միացյալ Նահանգների հետ ստորագրել է 123-րդ հոդվածի համաձայնագիրը, որը խաղաղ միջուկային համագործակցության նախապայման է:
Կրիտիկական ենթակառուցվածքներ
Գազային ենթակառուցվածքներից բացի՝ ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն պայմանագրով կառավարում է նաև Հայաստանի երկաթուղային ցանցը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր բացման համատեքստում Ռուսաստանի կոնցեսիոն իրավունքները մի շարք առումներով ներկայացնում են հնարավոր ռազմավարական ռիսկ։ Նախ՝ իր կոնցեսիոն իրավունքների միջոցով Ռուսաստանը կարող է բարդացնել կամ խոչընդոտել առկա երկաթուղային ցանցին կապված ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Երկրորդ՝ ռուսական ընկերության ներգրավվածությունը կարող է արևմտյան, հատկապես եվրոպական ներդրողներին հետ պահել երկաթուղային ցանցի հետ կապված նախագծերին ներգրավվելուց։ Երկաթուղային ցանցը չներառելու դեպքում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կմնա անավարտ և կկորցնի իր աշխարհաքաղաքական նշանակության մի մասը։ Մասնավորապես, սա կարող է ուղղակիորեն ազդել ինչպես Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք կապերի վրա։ Հայաստանն ունի մի քանի տարբերակ կոնցեսիայի խնդիրը լուծելու համար, սակայն վերջինից կպահանջվեն ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական ծախսեր։
Քաղաքական և հասարակական ազդեցություն
Չնայած Հայաստանի կառավարությունը 2021 թվականի ընտրություններից կարևոր դասեր քաղեց և կարողացավ մի շարք ոլորտներում զսպել ռուսական ազդեցությունը, այնուամենայնիվ Ռուսաստանը 2026 թվականի ընտրությունների ժամանակ ինտենսիվացրեց իր հիբրիդային գործողությունները։ Մասնավորապես, Ռուսաստանն իրականացրեց ապատեղեկատվական արշավներ և տարածեց կեղծ մեղադրանքներ՝ մասամբ հենվելով «Matryoshka»-ի և «Storm-1516»-ի նման միջնորդային ցանցերի վրա։ Օրինակ՝ «Matryoshka» ցանցը համակարգել է սոցիալական մեդիայի արշավներ մի շարք հարթակներում, այդ թվում՝ X-ում և TikTok-ում։
Ռուսաստանը նաև փորձել է օգտագործել հայկական սփյուռքը որպես ընտրություններին ազդելու միջոց։ հայաստանյան պետական մարմինների և OCCRP նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) համաձայն՝ ռուսական մի շարք խմբեր լայնորեն թիրախավորել են կրկնակի քաղաքացիություն ունեցող հայկական սփյուռքի անդամներին՝ խրախուսելով նրանց քվեարկել Փաշինյանի դեմ։ Ընտրական գործընթացների վրա ազդելու փորձերից բացի՝ Ռուսաստանը նաև ակնարկել է Ռուսաստանում բնակվող հայերի, հատկապես աշխատանքային միգրանտների նկատմամբ հնարավոր սահմանափակումների մասին։ Այսպիսի միջոցառումները կարող են ազդել Հայաստանի վրա՝ նվազեցնելով դրամական փոխանցումները և հանգեցնելով ներգաղթի աճի։
Չնայած ռուսամետ կուսակցությունները չկարողացան հաղթել ընտրություններում,սակայն նրանց ներկայությունը խորհրդարանում թույլ չտվեց կառավարությանը ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ դրանով իսկ ամրապնդելով նրանց հարաբերական քաղաքական դիրքը։ Երկու երրորդ մեծամասնության բացակայությունը կարող է նաև բարդացնել նոր Սահմանադրության ընդունումը և, հետևաբար, Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Քաղաքական հետևանքներ
Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ վերջին տարիներին զգալիորեն թուլացել են Հայաստանի քաղաքականության վրա իր ազդեցության հիմնական լծակները՝ ներառյալ ինստիտուցիոնալ և քաղաքական մեխանիզմները, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իր ավանդական դերը։ Քանի որ այս գործիքները թուլացել են, Մոսկվան ավելի ու ավելի հաճախ ցույց է տալիս, որ պատրաստ է դիմել տնտեսական և էներգետիկ ճնշման։ Հայաստանն այս ոլորտներում մնում է առանձնապես խոցելի, քանի որ նրա տնտեսական դիվերսիֆիկացման ջանքերը բախվում են զգալի կառուցվածքային սահմանափակումների՝ սկսած արտադրանքի ստանդարտներից և սերտիֆիկացումից, մինչև լոգիստիկա և ԵՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայություն։ Նույն կերպ, էներգիայի գների աճը կամ մատակարարումների խափանումը կարող են ուղղակի հետևանքներ ունենալ ինչպես հայկական տնտեսության, այնպես էլ բնակչության համար։ Այսպիսով, Ռուսաստանի ազդեցության բնույթը փոխվել է․ նախկինում գերակշռող և որոշակի լեգիտիմություն վայելող ազդեցության ձևերին աստիճանաբար փոխարինում են ավելի հարկադրական բնույթ ունեցող լծակները։
Պարադոքսալ կերպով, 2025 թվականին հայկական խորհրդարանի կողմից ընդունված «ԵՄ օրենքը» կարող է ինքնին դառնալ ռուսական ճնշման գործիք։ Սա չի նշանակում, որ այդ օրենքը Ռուսաստանի համար ամենակարևոր կարմիր գիծն է, սակայն Մոսկվան կարող է այն օգտագործել՝ արդարացնելու հետագա տնտեսական և էներգետիկ սահմանափակումները և ներկայացնելու, որ Հայաստանը վճռականորեն հեռանում է Ռուսաստանից։ Ռուս պաշտոնյաները հետևաբար կոչ են անում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ: Վերջիններս պնդում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ ձգտել ԵՄ ինտեգրմանը՝ մնալով ԵԱՏՄ-ում։ Մոսկվայի տեսանկյունից Հայաստանը ձգտում է օգտվել ԵԱՏՄ անդամակցությունից՝ միաժամանակ պատրաստվելով ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման։
Ներկա տնտեսական սահմանափակումների ֆոնին Ռուսաստանը նաև ակնարկել է հնարավոր ավելի խիստ միջոցների կիրառման մասին։ Բարձրաստիճան ռուս պաշտոնյաները խոսել են գազի գների հնարավոր վերանայման, ինչպես նաև ռուսական ու ԵԱՏՄ շուկաները պաշտպանելու անհրաժեշտության մասին, եթե Հայաստանը շարունակի ԵՄ անդամակցությանն ուղղված իր ուղին։ Այդ պատճառով տնտեսական և էներգետիկ ճնշումը, ամենայն հավանականությամբ, կմնա Ռուսաստանի ազդեցության ամենակարևոր լծակներից մեկը։ Միևնույն ժամանակ Մոսկվան կարող է օգտագործել իր մնացած քաղաքական և ենթակառուցվածքային լծակները՝ բարդացնելու համար հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և Հայաստանի ավելի լայն դիվերսիֆիկացման ջանքերը, այդ թվում՝ ռուսամետ ներքին քաղաքական դերակատարների միջոցով։
Ռուսական միջամտության չափը կախված է նաև մեկ այլ գործոնից՝ Ուկրաինայում ընթացող պատերազմից, որը հնարավորությունների պատուհան է ստեղծել ոչ միայն Հայաստանի, այլև հետխորհրդային այլ պետությունների համար։ Պատերազմը սահմանափակել է Ռուսաստանի ռեսուրսներն ու ուշադրությունը, միաժամանակ Հայաստանին տալով ավելի մեծ հնարավորություն՝ դիվերսիֆիկացնելու իր անվտանգային գործընկերությունները և նվազեցնելու որոշ կախվածություններ։ Ռուսական տեսանկյունից, սակայն, այս հնարավորությունների պատուհանը չի տալիս Հայաստանին բացարձակ ազատություն հեռանալու Ռուսաստանից՝ առանց հնարավոր հետևանքների։ Այս ժամանակահատվածում Հայաստանի ամենանշանակալի ձեռքբերումը եղել է զենքերի մատակարարների դիվերսիֆիկացումը և տեղական պաշտպանական արդյունաբերության ամրապնդումը։ Սակայն վճռորոշ հարցը ոչ միայն այն է, թե ինչ է Ռուսաստանը պատրաստ և կարող անել այս պահին, այլ այն, թե ինչ կարող է անել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտից հետո, հատկապես եթե մինչ այդ Հայաստանին չհաջողվի զգալիորեն նվազեցնել իր տնտեսական և էներգետիկ կախվածությունը։
Այս համատեքստում Հայաստանի համար կարևոր է արագացնել իր տնտեսական և էներգետիկ դիվերսիֆիկացման ջանքերը՝ ամրապնդելու իր դիմադրողականությունը և նվազեցնելու այն խոցելիությունները, որոնք կարող են Ռուսաստանի կողմից վերածվել հարկադրող ազդեցության լծակների։ Մյուս կողմից, քաղաքական դիվերսիֆիկացումը կարող է կայուն լինել միայն բավարար տնտեսական և էներգետիկ դիվերսիֆիկացման ուղեկցությամբ։ Հայաստանի վերջին տարիների անվտանգային քաղաքականությունը ցույց է տալիս այս տրամաբանությունը․ սպառազինության մատակարարումների դիվերսիֆիկացումը և սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացումը նվազեցրին Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Դա Երևանին ավելի մեծ ազատություն տվեց ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու համար։ Ի հակադրություն այս ոլորտների, տնտեսական և էներգետիկ դիվերսիֆիկացումը զգալիորեն դանդաղ է ընթանում։ Սա ստեղծում է հնարավոր վտանգավոր իրավիճակ. մինչդեռ Հայաստանը բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների և 2025 թվականի ԵՄ օրենքի միջոցով ավելի ու ավելի հստակ է արտահայտում իր քաղաքական կողմնորոշումը դեպի եվրոպական ինտեգրում, այն դեռևս խոցելի է ռուսական տնտեսական և էներգետիկ ճնշման նկատմամբ։ Մինչև այս կախվածությունները զգալիորեն չնվազեն, Հայաստանը պետք է համապատասխանեցնի իր քաղաքական արևմտյան կողմնորոշման տեմպը և վարի ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։
Եզրակացություն
Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը նպաստել է Ռուսաստանի ավանդական ազդեցության լծակների քայքայմանը մի շարք ոլորտներում։ Մոսկվան կորցրել է իր նախկին դերը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր և զենքերի մատակարար, ինչպես նաև նրա անվտանգային ներկայությունը, արտաքին քաղաքականության վրա ունեցած ազդեցությունը և հանրային վստահությունը նվազել են։ Ուկրաինայում պատերազմը ստեղծել է լրացուցիչ հնարավորություն՝ Հայաստանին իր անվտանգության և արտաքին քաղաքականության գործընկերություններին դիվերսիֆիկացնելու և ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու համար։
Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը զուրկ է արդյունավետ ազդեցության լծակներից։ Պարզապես փոխվել է այդ լծակների բնույթը․ նախկին ազդեցության ձևերի թուլացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն են ստացել հարկադրական լծակները։ Մոսկվան շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերը և պահպանում է զգալի տնտեսական, էներգետիկ և ենթակառուցվածքային լծակներ։ Այս կառուցվածքային կախվածությունները լրացվում են քաղաքական և հասարակական գործիքներով, այդ թվում՝ սփյուռքի ներգրավմամբ։
Չնայած Հայաստանը զգալի դիվերսիֆիկացիա է ապահովել զենքերի մատակարարումներում և ամրապնդել իր տեղական պաշտպանական արդյունաբերությունը, այն զգալիորեն պակաս առաջընթաց է արձանագրել տնտեսության և էներգետիկայի ոլորտներում։ 2013 թվականի փորձը ցույց է տալիս նման անհամապատասխանության ռիսկերը. Հայաստանը ձգտում էր ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, մինչդեռ Ռուսաստանը շարունակում էր պահպանել զգալի անվտանգային, քաղաքական, տնտեսական և էներգետիկ լծակներ։ Արդյունքում Հայաստանը շարունակում էր խոցելի մնալ Ռուսաստանի հնարավոր ճնշումների նկատմամբ։ Հակառակ դրան, վերջին տարիների անվտանգային դիվերսիֆիկացիան ցույց է տալիս, թե ինչպես նման կախվածությունների նվազեցումը կարող է ընդլայնել քաղաքական մանևրելու հնարավորությունները։ Մինչ այդ, Հայաստանը պետք է վարի ավելի հաշվարկված արտաքին քաղաքականություն՝ միաժամանակ ամրապնդելով իր դիմադրողականությունը ռուսական ճնշման նկատմամբ։