2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները որոշեցին Ազգային ժողովի 9-րդ գումարման կազմը և որոշակի իմաստով դարձան հանրային ընտրություն՝ պետության արտաքին քաղաքականության և անվտանգային կողմնորոշման հարցերի վերաբերյալ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 726,819 ձայն կամ 49.7456%, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340,006 ձայն կամ 23.2710%, իսկ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ 144,983 ձայն կամ 9.9231%։ Ընտրություններին մասնակցել է 1,476,769 ընտրող, կամ ընտրողների 58.9%-ը։ Այս արդյունքը հնարավորություն է տալիս իշխող ուժին ձևավորել կառավարություն, սակայն չի ապահովում սահմանադրական մեծամասնություն:
Հետընտրական իրավիճակի այս հատվածը կարևոր էր նաև ներքին քաղաքականության և արտաքին անվտանգության տեսանկյունից։ Սահմանադրական փոփոխությունների հարցը լրացուցիչ կապված է խաղաղության օրակարգի հետ, քանի որ Ադրբեջանը շարունակում է պահանջել վերանայել սահմանադրական այն ձևակերպումները, որոնք Բաքուն մեկնաբանում է որպես տարածքային հավակնությունների հիմք։ Հետևաբար, խաղաղության գործընթացի իրավա-քաղաքական մասն ընտրություններից հետո չավարտվեց։ Այն թևակոխեց ավելի բարդ փուլ, որտեղ իշխող ուժը ստացավ իր ուղեգիծը շարունակելու մանդատ, սակայն ոչ այդ ուղեգծի ամենազգայուն սահմանադրական բաղադրիչի վերաբերյալ միանձնյա համապարփակ որոշումներ կայացնելու և ընդունելու հնարավորություն։
Նախընտրական քարոզարշավը և քվեարկության գործընթացը տեղի ունեցան բարձր բևեռացման և արտաքին ճնշման պայմաններում։ Միջազգային դիտորդները նշում էին, որ ընտրողներն ունեին ընտրության իրական հնարավորություն, սակայն գործընթացն ուղեկցվում էր արտաքին ճնշմամբ, տեղեկատվական մանիպուլյացիաներով և քարոզարշավի անհավասար պայմաններով։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիերը հատուկ նշեց, որ ռուսական իշխանությունների կողմից ճնշումներն ու սպառնալիքները հասել են աննախադեպ և մտահոգիչ մակարդակի։ Ընտրություններից հետո այս արտաքին ճնշումը վերաճեց Մոսկվայի ավելի կոշտ հռետորաբանության՝ Երևանից պահանջելով հստակեցնել իր դիրքորոշումը ԵՄ ուղղության և ռուսական ինտեգրացիոն համակարգերի միջև։ [3]
Կարող ենք արձանագրել, որ այս պահին Մոսկվայի հիմնական պահանջն Հայաստանից հարկադրված կողմնորոշում ստանալն է։ Հետընտրական օրերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու հարցը, միաժամանակ մնալով ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ի շուրջ ձևավորված համակարգում, պետք է արագ լուծվի։ Այսպիսով, Ռուսաստանն ըստ էության պահանջում է, որ Երևանը հրաժարվի բազմավեկտոր դիվանագիտության իր նախկին մոդելից, որը երկար ժամանակ Հայաստանին թույլ էր տալիս միաժամանակ պահպանել ռուսական անվտանգային ենթակառուցվածքը և զարգացնել արևմտյան ուղղությունը։[4]
Սակայն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը չի սկսվել ընտրություններից։ Այն դաշնակցային պարտավորությունների երկարատև հետընթացի արդյունքն է։ 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումների ֆոնին Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ ակնկալելով ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային արձագանք։ Նման արձագանքի բացակայությունը Երևանում ընկալվեց որպես ՌԴ-ի կողմից դաշնակցային պարտավորությունների չկատարում։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, և էթնիկ զտման հետևանքով տարածքից բռնի տեղահանվեցին ավելի քան 100,000 էթնիկ հայեր, այս անվստահությունն ամրապնդվեց վերջնականապես։[5][6][7]
Այս ամենին Երևանի գործնական արձագանքը զարգացավ փուլերով։ 2024 թվականի փետրվարին հայտարարվեց ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, որից հետո Հայաստանը կասեցրեց կազմակերպության ֆինանսավորումը և դրա միջոցառումներին մասնակցությունը։ Սա հստակ քաղաքական ազդանշան էր առ այն, որ Երևանն այլևս չի դիտարկում ՀԱՊԿ-ը որպես գործող անվտանգային մեխանիզմ։ Եվ հենց այստեղ է ի հայտ գալիս «ինստիտուցիոնալ մատրյոշկայի» պարադոքսը։ Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, սակայն դա չի վերացնում ռուսական ռազմական ներկայության համակարգը, քանի որ դրա ամենակարևոր շերտերը գտնվում են ոչ թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կարգավորող իրավական դաշտում, այլ հայ-ռուսական երկկողմ պայմանագրերի հիմքում։ Հենց այս հիմքի վրա են պահպանվում 102-րդ ռազմաբազան, 1997 թվականի պայմանագրով սահմանված դաշնակցային պարտավորությունները, ռուսական սահմանապահ ներկայության մնացորդները, օդային պաշտպանության միասնական համակարգը և Միացյալ զորախումը։[8][9][10][11][12][13][14][15]
Հայ-ռուսական անվտանգային ճարտարապետությունը պետք է քննարկվի նույն հարթության երկու շերտերով։ Առաջինը ՀԱՊԿ-ն է՝ բազմակողմ ձևաչափ, որին Հայաստանի մասնակցությունն այժմ սառեցված է։ Երկրորդը երկկողմ ռազմա-իրավական պայմանագրային հիմքն է, որը շարունակում է գործել։ Այս շերտի կենտրոնական տարրը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան է։ Դրա իրավական հիմքը ձևավորվել է 1995 թվականի համաձայնագրով, իսկ 2010 թվականին բազայի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։ Հետևաբար, նույն հարթության մեկ շերտի՝ ՀԱՊԿ-ի սառեցումն ինքնին չի լուծում 102-րդ բազայի, միասնական պաշտպանական համակարգերի և ռուսական ներկայության իրավական հարցը:
Երկկողմ համակարգի շերտի մյուս առանցքը 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրն է։ Ձևականորեն այն պահպանում է դաշնակցային հարաբերությունների հիմքը, սակայն դրա թույլ կողմն այն է, որ փաստաթուղթը չի պարունակում ռազմական աջակցություն հայցելու և տրամադրելու հստակ, ավտոմատացված ընթացակարգեր։ Մանրամասն մեխանիզմների բացակայությունը Մոսկվային թողնում է ռազմա-քաղաքական մեկնաբանության լայն տարածք, ինչը հատկապես ակնհայտ դարձավ 2021 և 2022 թվականների իրադարձությունների ընթացքում ու հետո։ [11][12]
Ռուսական ներկայության մեկ այլ տեսակ և հարաբերությունների առանձին ձև է գործող սահմանապահ համակարգը, որը երբեմն շփոթվում է 102-րդ բազայի կարգավիճակի հետ։ 2024 թվականին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի մի շարք հատվածներից, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, ռուսական ուժերի և սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ռուսական սահմանապահների ներկայությունը Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ամբողջությամբ չի վերացել։ Սա նշանակում է, որ նույնիսկ ռուսական սահմանապահների մասնակի դուրսբերումից հետո Մոսկվան պահպանում է Հայաստանի սահմանային, լոգիստիկ և անվտանգային միջավայրի վրա ազդելու զգալի հնարավորություն։[12]
Այսպիսով, մի կողմից Հայաստանը քաղաքականապես հեռանում է ՀԱՊԿ-ից, զարգացնում է հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, սակայն միաժամանակ իր տարածքում պահպանում է ռուսական ռազմա-իրավական ենթակառուցվածքը։ Պաշտպանական պլանավորման տեսանկյունից սա ստեղծում է դոկտրինների, կապի համակարգերի, ռադարային նույնականացման և գործառնական ստանդարտների անհամատեղելիություն։ Իրավիճակը բարդացնում է նաև այն փաստը, որ ամբողջական եվրոպական կամ արևմտյան անվտանգային փոխգործունակություն կառուցելը դժվար է, եթե գործող ռազմական ենթակառուցվածքները, նույնիսկ ձևական իմաստով, շարունակում են մնալ հայկական իրավական անվտանգային համակարգում։[4][11]
Ռազմական բաղադրիչից բացի, էներգետիկ և լոգիստիկ կախվածությունները անցումային շրջանի առավել գործնական ռիսկերից են։ 2026 թվականի մայիսին Ռուսաստանը զգուշացրեց, որ եթե Հայաստանը շարունակի խորացնել իր եվրոպական ուղղությունը, կարող է կասեցնել կամ դադարեցնել բնական գազի, նավթամթերքների և չմշակված ադամանդների արտոնյալ մատակարարման համաձայնագիրը։ Գազատար ցանցի սեփականության կառուցվածքը՝ ռուսական մենաշնորհային ներկայության հետ մեկտեղ, վերածվել է սոցիալական և տնտեսական ճնշման հնարավոր գործիքի։
Նմանատիպ խոցելիություն առկա է նաև երկաթուղային համակարգում, որտեղ ռուսական վերահսկողությունը կարող է բարդացնել Հայաստանի այլընտրանքային հաղորդակցության ուղիների զարգացումը։ Սա հատկապես զգայուն է այն առումով, որ Երևանը փորձում է ձևավորել տարանցման և հաղորդակցության նոր օրակարգ, այդ թվում նաև արևմտյան ներգրավվածությամբ նախագծերի միջոցով։ Հարցն այստեղ, բնականաբար, ոչ միայն գծերի տեխնիկական շահագործումն է, այլև թե ով է վերահսկելու Հայաստանի արտաքին կապակցվածության ապագա հանգույցները։[16][17][18]
Թվարկված այս մարտահրավերները չեն կարող լուծվել շտապողականորեն կամ միայն քաղաքական հայտարարությունների միջոցով։ Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել անվտանգային և տնտեսական իրական այլընտրանքային մեխանիզմներ։ Պետք է հաշվի առնել, որ նման իրավիճակը չի կարող երկար տևել, իսկ ստատուս քվոյի պահպանումը նույնպես կարող է վտանգավոր լինել։
Ակնհայտ է նաև, որ ռուսական պաշտպանական դաշինքից դուրս գալու գործընթացը բացել է անվտանգության նոր ուրվագծեր ձևավորելու հնարավորություն։ ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի փետրվարը, իսկ ԵՄ 270 միլիոն եվրոյի Դիմակայունության և աճի ծրագիրը, ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգը և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը Երևանին տրամադրում են քաղաքական և ինստիտուցիոնալ հենասյուն՝ աստիճանաբար նվազեցնելու ռուսական կախվածությունները։ Այնուամենայնիվ, արտաքին հենասյուները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրանք մեկ կախվածությունը չեն փոխարինում մեկ այլով, այլ ստեղծում են օրինական իրավական համակարգ, ամրապնդում Հայաստանի ներքին ինստիտուտները, պաշտպանական կառավարումը և ճգնաժամերին դիմակայելու կարողությունը։[19][20][21]
Այսպիսով, այս աննախադեպ անվտանգային անցումում հաջողության հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է իրականացնել «ինստիտուցիոնալ փոխարինման» ռազմավարություն։ Պետությունը պետք է արդյունավետորեն օգտագործի Եվրամիության քաղաքական և ֆինանսական աջակցությունը, ներառյալ EUMA առաքելությունը և Դիմակայունության և աճի ծրագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի դիվանագիտական ներգրավվածությունը՝ TRIPP նախագծի և ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ տնտեսության և պաշտպանության առանցքային ոլորտներում ռուսական կառույցներից աստիճանաբար հրաժարվելու համար։[18][19][20][21] Այս ասիմետրիկ անցման նուրբ կառավարումը՝ նախկին դաշնակցի ագրեսիան զսպելու և նոր գործընկերների ռեսուրսներն արագ ինտեգրելու միջև, պետք է ուղեկցվի իրական ներքին բարեփոխումներով, իրավապահ ոլորտի արդիականացմամբ, սահմանադրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անշեղ քաղաքական կամքով։ Այս ամենը պետք է հիմնված լինի ժողովրդավարական պրակտիկայի, հանրային մասնակցության և առավելագույն թափանցիկության սկզբունքների վրա։ Քանի որ եթե Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների օրակարգը ընկալվի բացառապես որպես արտաքին պահանջի կատարում, այն կարող է ընկալվել որպես ժողովրդավարական անցման թույլ օղակը։[22][23] Հետևաբար, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխակերպման գործընթացները պետք է իրականացվեն օրինականության և իրավաչափության բարձր չափանիշների հիման վրա։
1. Armenpress, “CEC Announces Final Results of Armenia’s Parliamentary Elections,” June 14, 2026, https://armenpress.am/en/article/1252978
2. ConstitutionNet, “In Armenia, Constitutional Change Is Uncertain After Pro-Reform Party Loses Necessary Majority,” June 11, 2026, https://constitutionnet.org/news/armenia-constitutional-change-uncertain-after-pro-reform-party-loses-necessary-majority
3. OSCE/ODIHR, “Armenia’s Voters Were Offered a Genuine Choice Against a Backdrop of Direct Foreign Pressure and Uneven Campaign Opportunities,” June 8, 2026, https://odihr.osce.org/odihr/665473 .
4. Reuters, “Russia Says Armenia’s Future in Post-Soviet Military and Economic Blocs Must Be Settled Soon,” June10,2026,https://www.reuters.com/world/russia-says-armenias-future-post-soviet-military-economic-blocs-must-be-settled-2026-06-10/
5. Armenpress, “Armenia Asked CSTO for Military Support to Restore Territorial Integrity Amid Azeri Attack – PM,” September 14, 2022, https://armenpress.am/en/article/1092504.
6. Reuters, “More Than 100,000 Refugees Arrive in Armenia as Exodus Swells,” September 30, 2023, https://armenpress.am/en/article/1092504
7. Freedom House, “New Report: Azerbaijani Regime Ethnically Cleansed Nagorno-Karabakh According to International Fact-Finding Mission,” November 11, 2024, https://freedomhouse.org/article/new-report-azerbaijani-regime-ethnically-cleansed-nagorno-karabakh-according-international.
8. Reuters, “Armenia Freezes Participation in Russia-Led Security Bloc – Prime Minister,” February 23, 2024, https://www.reuters.com/world/asia-pacific/armenia-freezes-participation-russia-led-security-bloc-prime-minister-2024-02-23/ .
9. Interfax, “Armenia Ceases Financing of CSTO – Foreign Ministry,” May 8, 2024, https://interfax.com/newsroom/top-stories/102137/ .
10. Harvard Davis Center, “Russian Military Base in Armenia at Eye of a Geopolitical Storm,” March 29, 2024, https://daviscenter.fas.harvard.edu/insights/russian-military-base-armenia-eye-geopolitical-storm
11. United Nations Digital Library, “Letter Dated 9 September 1997 from the Representatives of the Russian Federation and Armenia to the United Nations Addressed to the Secretary-General,” September 11, 1997,https://digitallibrary.un.org/record/243780 .
12. Fact Investigation Platform, “What Is Provided for by the 1997 Armenian-Russian Agreement and What Is Written in the Russian-Azerbaijani Agreement?” November 16, 2021, https://fip.am/en/35787 .
13. Reuters, “Putin Agrees to Withdraw Russian Forces from Various Armenian Regions, Says Ifax,” May 9, 2024, https://www.reuters.com/world/europe/putin-agrees-withdraw-russian-forces-various-armenian-regions-says-ifax-2024-05-09/
14. Reuters, “Armenia Ratifies Agreement on Joint Air-Defence System with Russia,” June 30, 2016, https://www.reuters.com/article/world/armenia-ratifies-agreement-on-joint-air-defence%20system-with-russia-idUSKCN0ZG2B1/
15. Kremlin, “Law to Ratify Russian-Armenian Agreement on Joint Group of Forces,” July 26, 2017, https://www.en.special.kremlin.ru/catalog/countries/AM/events/55138
16. Reuters, “Russia Warns Armenia on Supplies over EU Bid; Trump Backs PM Pashinyan,” May 27, 2026, updated May 28, 2026, https://www.reuters.com/business/energy/russia-warns-armenia-it-could-end-cheap-fuel-supplies-if-yerevan-continues-eu-2026-05-27/
17. RFE/RL, “Armenia Wants In on Asia-Europe Trade. Russian Rail Control Stands in the Way,” April 26, 2026, https://www.rferl.org/a/armenia-wants-in-on-asia-europe-trade-russian-rail-control-stands-in-the-way/33738123.html
18. Prime Minister of Armenia, “Joint Declaration by the President of the Republic of Azerbaijan, the Prime Minister of the Republic of Armenia and the President of the United States of America,” August 9, 2025, https://www.primeminister.am/en/press-release/item/2025/08/09/Nikol-Pashinyan-visit-US-declaration/
19. EEAS, “About European Union Mission in Armenia,” January 7, 2026,
https://www.eeas.europa.eu/euma/about-european-union-mission-armenia_en
10. Council of the European Union, “Armenia,”
https://www.consilium.europa.eu/en/policies/armenia/
22. Reuters, “US and Armenia Sign Strategic Partnership Agreement Ahead of Armenian Elections,” May 26, 2026, https://www.reuters.com/world/us-armenia-sign-strategic-partnership-agreement-ahead-armenian-elections-2026-05-26/
22. Stjórnlagaráð, “The Constitutional Council – General Information,” 2011, https://stjornlagarad.is/english/
23. International IDEA, Practical Considerations for Public Participation in Constitution-Building: What, When, How and Why? July 9, 2021, https://www.idea.int/publications/catalogue/practical%20considerations-public-participation-constitution-building